Ծնողներից շատերը գոնե մեկ անգամ մտածել են․
«Քանի անգամ ասացի, բայց չի լսում»։
«Ինձ դիտավորյալ է հակառակվում»։
«Ինչու՞ է ամեն ինչ ավելի բարդ անում»։
Երբ երեխան չի կատարում մեր ասածը, հաճախ թվում է, թե խնդիրը անհնազանդությունն է։ Մենք փորձում ենք ավելի շատ բացատրել, ավելի խիստ պահանջել կամ կրկնել նույն խնդրանքը՝ հույս ունենալով, որ այս անգամ նա կլսի։
Բայց երեխաների վարքը միշտ չէ, որ կարելի է բացատրել «լսում է» կամ «չի լսում» տրամաբանությամբ։ Շատ հաճախ այն, ինչ մենք տեսնում ենք դրսից, ընդամենը արտահայտությունն է այն գործընթացների, որոնք տեղի են ունենում երեխայի ներսում։
Նախ կարևոր է հիշել, որ երեխան միշտ չէ, որ կարող է անել այն, ինչ գիտի։ Նա կարող է հասկանալ կանոնը, հիշել ձեր խոսքերը և նույնիսկ համաձայն լինել դրանց հետ, բայց դեռ չունենալ բավարար կարողություն՝ կառավարելու իր ազդակներն ու ցանկությունները։ Օրինակ՝ փոքր երեխան կարող է իմանալ, որ չի կարելի վազել ճանապարհի վրա, բայց այդ պահին հետաքրքրասիրությունը կամ ոգևորությունը կարող են ավելի ուժեղ լինել, քան ինքն իրեն կանգնեցնելու կարողությունը։
Այդ պատճառով երբեմն այն, ինչ մեծահասակին թվում է անհնազանդություն, իրականում դեռ չձևավորված ինքնակարգավորման հմտությունների արդյունք է։
Սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ երեխան կարողանում է իրեն կառավարել, նա միշտ չէ, որ պատրաստ է պարզապես հետևել մեծահասակի ցուցումներին։ Մեծանալուն զուգահեռ երեխան սկսում է բացահայտել նաև իր սեփական կամքն ու ցանկությունները։
Հենց այստեղ է, որ ծնողները հաճախ սկսում են ավելի հաճախ լսել «ոչ» բառը։ Այդ «ոչ»-ը շատ դեպքերում ոչ թե պայքար է ծնողի դեմ, այլ փորձ՝ հասկանալու, թե որտեղ է ավարտվում մեծահասակի աշխարհը և որտեղ է սկսվում սեփականը։ Երեխան փորձում է զգալ, որ ինքն էլ կարող է ընտրել, որոշել և ազդել իր կյանքի վրա։ Երբ այդ կարիքը բախվում է ծնողի պահանջներին, առաջանում է դիմադրություն, որը հեշտ է շփոթել համառության հետ։ Բայց նույնիսկ ինքնուրույնության այս փորձերը չեն լինում դատարկ տարածության մեջ։ Դրանք միշտ տեղի են ունենում հարաբերությունների ներսում։
Երեխան շատ զգայուն է այն բանի նկատմամբ, թե ինչ է կատարվում իր և ծնողի միջև։ Նա լսում է ոչ միայն բառերը, այլև ձայնի տոնը, դիմախաղը, տրամադրությունը և ընդհանուր մթնոլորտը։ Երբ երեխան իրեն ապահով, հասկացված և ընդունված է զգում, համագործակցելն ավելի հեշտ է դառնում։ Իսկ երբ նա հոգնած է, լարված, հիասթափված կամ պարզապես ծանր օր է ունեցել, նույնիսկ ամենապարզ խնդրանքը կարող է դժվար թվալ։
Հաճախ մենք կարծում ենք, թե երեխան չի արձագանքում մեր խոսքերին, մինչդեռ նա առաջին հերթին արձագանքում է հարաբերությանը։ Եվ երբ հարաբերության մեջ ինչ-որ բան նրան անհանգստացնում է, այդ անհանգստությունը հաճախ արտահայտվում է վարքով։ Երբեմն երեխան չի լսում, որովհետև փորձում է մեր ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որը դեռ չի կարող բառերով արտահայտել։ Նա կարող է կարոտել ծնողին, անհանգստանալ ընտանիքում տեղի ունեցող փոփոխություններից, խանդել փոքր եղբորը կամ քրոջը, կամ պարզապես ավելի շատ կապի և մտերմության կարիք ունենալ։ Այդ դեպքում «չլսելը» դառնում է ոչ թե խնդիր ստեղծելու, այլ օգնություն խնդրելու ձև։
Սա հատկապես կարևոր է հասկանալ, որովհետև երեխաները միշտ չէ, որ կարողանում են ասել․
«Ես հոգնել եմ»։
«Ես անհանգստացած եմ»։
«Ես վիրավորված եմ»։
«Ես քեզ կարոտել եմ»։
Փոխարենը նրանք այդ ամենը ցույց են տալիս իրենց վարքով։ Եվ որքան փոքր է երեխան, այնքան ավելի հավանական է, որ իր զգացմունքները արտահայտի ոչ թե բառերով, այլ գործողություններով։ Հենց այդ պատճառով երեխայի վարքը հաճախ կարելի է դիտարկել որպես հաղորդագրություն, ոչ թե պարզապես խնդիր, որը պետք է շտկել։ Հաջորդ անգամ, երբ թվա, թե երեխան չի լսում, գուցե արժե մի պահ կանգ առնել և ինքներս մեզ հարցնել՝
Նա իսկապե՞ս չի ուզում լսել։
Թե՞ դեռ չի կարողանում։
Գուցե հոգնա՞ծ է։
Գուցե անհանգստացա՞ծ է։
Կամ գուցե այս պահին ավելի շատ կապի և ուշադրության կարիք ունի, քան հերթական հրահանգի։
Հաճախ «ինչու չի լսում» հարցի պատասխանը գտնվում է ոչ թե երեխայի կամակորության մեջ, այլ նրա ներքին աշխարհում։ Երբ փորձում ենք հասկանալ այդ աշխարհը, երեխայի վարքը սկսում է ավելի իմաստալից թվալ, իսկ հարաբերությունները՝ ավելի հանգիստ, ջերմ և վստահելի։
Որովհետև երեխաներին ամենից շատ պետք չէ, որ իրենց վերահսկեն։
Նրանց պետք է, որ իրենց հասկանան։
Երեխայի «վատ վարքի» թաքնված իմաստը
|