Լավ ծնողների թաքնված սխալը՝ անընդհատ կատարյալ լինելու փորձը

|Անահիտ Ռաֆայելյան
The Parenting Mistake Many Good Parents Make: Trying to Be Perfect

Ժամանակակից ծնողներից շատերը ապրում են մի զգացումով, թե մշտապես ինչ-որ բան բավարար լավ չեն անում։

Եթե աշխատում են, անհանգստանում են, որ քիչ ժամանակ են անցկացնում երեխայի հետ։ Եթե ամբողջ ժամանակը նվիրում են երեխային, սկսում են մեղավոր զգալ իրենց մյուս գործերը չհասցնելու համար։ Եթե հոգնում են, մտածում են, որ լավ ծնող չեն։ Եթե բարկանում են, սկսում են կասկածել իրենց ծնողական կարողությունների վրա։ Մեղքի այս զգացումը հաճախ ծնվում է այն պատկերացումից, թե լավ ծնողը պետք է լինի համբերատար, հասանելի, հոգատար և ճիշտ՝ բոլոր իրավիճակներում։

Սակայն հոգեվերլուծաբան Դոնալդ Վինիկոտը կարծում էր, որ երեխային կատարյալ ծնող պետք չէ։ Նրան պետք է «բավականաչափ լավ» ծնող։ Վինիկոտի այս գաղափարը հեղափոխական էր, որովհետև նա առաջիններից էր, ով թույլ տվեց ծնողներին մարդ լինել։ Նրա կարծիքով՝ երեխայի զարգացման համար կարևոր չէ, որ ծնողը երբեք չսխալվի։ Ընդհակառակը, երեխան աստիճանաբար սովորում է դիմակայել կյանքի դժվարություններին հենց այն պատճառով, որ ծնողը միշտ չէ, որ կարողանում է անմիջապես բավարարել նրա բոլոր կարիքները։

 «Բավականաչափ լավ» ծնողը ոչ թե կատարյալ է, այլ բավական հուսալի։ Նա հիմնականում հասանելի է երեխային, հիմնականում արձագանքում է նրա կարիքներին և շարունակում է մնալ հարաբերության մեջ, նույնիսկ երբ սխալվում է։

Այսպիսով հիմնասյունը ոչ թե ծնողի կատարյալ վարքն է, այլ երեխայի և մեծահասակի միջև անվտանգ կապը։ Երեխային առաջին հերթին անհրաժեշտ է զգալ. «Ես մենակ չեմ։ Ինձ համար կարևոր մարդ կա, որն իմ կողքին է»։ Երեխայի հոգեկան առողջությունը կառուցվում է ոչ թե ծնողի անսխալականության, այլ հարաբերության կայունության վրա։ Ծնողը կարող է հոգնել։ Կարող է նյարդայնանալ։ Կարող է երբեմն սխալ որոշումներ կայացնել։ Բայց եթե հարաբերությունը պահպանվում է, եթե ծնողը կարողանում է վերադառնալ երեխայի մոտ, լսել նրան, հասկանալ և վերականգնել կապը, ապա այդ սխալները ճակատագրական չեն դառնում։  Սա հատկապես կարևոր միտք է այն ծնողների համար, որոնք անընդհատ գնահատում են իրենց։

Երեխան չի հաշվում, թե քանի անգամ եք սխալվել։ Նա ապրում է այն զգացողությամբ, թե որքանով է ապահով ձեր կողքին։ Հնարավոր է՝ լավ ծնող լինելու ամենակարևոր չափանիշը ոչ թե երբեք չսխալվելն է, այլ այն, որ երեխան, անկախ ամեն ինչից, շարունակի զգալ.

«Իմ մարդը իմ կողքին է»։