Խաղը առողջության ցուցիչ է: Եթե մարդը չի կարող խաղալ, նա չի կարող լիարժեք ստեղծագործել, հարաբերություն կառուցել կամ ապրել սուբյեկտիվորեն կենդանի կյանք։ Երբ մեծահասակները խոսում են խաղի մասին, հաճախ այն դիտարկում են որպես «ժամանց», «ազատ ժամանակ» կամ «պարապ զբաղմունք» Սակայն խաղը երեխայի հիմնական աշխատանքն է։ Խաղի ընթացքում երեխան ոչ միայն զվարճանում է, նա կառուցում է իր ուղեղը, իր «Ես»-ը, հարաբերությունների ձևերը և իրականության հետ կապի մեխանիզմները։ Ազատ, ինքնաբուխ խաղը անմիջականորեն կապված է ուղեղի ֆունկցիաների զարգացման հետ՝ ուշադրության կարգավորում, իմպուլսների վերահսկում, պլանավորում, աշխատանքային հիշողություն, ճկուն մտածողություն։ Երբ երեխան խաղում է, հատկապես դերային խաղերում («ես բժիշկ եմ», «սա նավ է», «դու հիվանդ ես»), ակտիվանում են ուղեղի այն կապերը, որոնք պատասխանատու են երևակայության, ապրումակցման և ինքնակարգավորման համար։ Այստեղ կարևոր է հասկանալ մի բան, որ խաղը պարզապես ուղեղը «խթանող» տեխնիկա չէ։ Խաղը այն միջավայրն է, որտեղ ուղեղը սովորում է դիմանալ ու տանելի դարձնել իրականությունը։ Այսօր շատ ծնողներ վաղ զարգացումը շփոթում են վաղ ինտելեկտուալացման հետ։ Երեխային գիտելիք են փորձում փոխանցել, ստրուկտավորված գործողություններ, բայց զրկում են ամենակարևորից՝ ազատ խաղից։ Արդյունքում հաճախ ոչ թե հասունություն է ձևավորվում, այլ գերլարված նյարդային համակարգ, որը չի կարողանում ինքնուրույն գործել առանց արտաքին խթանման։ Այսպիսով երեխան սովորում է, որ աշխարհը ամբողջությամբ ոչ իր վերահսկողության տակ է, ոչ էլ ամբողջությամբ օտար։ Խաղալիքը, օրինակ՝ արջուկը կամ ծածկոցը, դառնում է անցումային օբյեկտ, որի միջոցով երեխան տանում է բաժանման անհանգստությունն ու տագնապը: Հենց խաղի ընթացքում է անհատը կարողանում ստեղծագործ լինել և օգտագործել ամբողջ «Ես»-ը Հենց սա է պատճառը, որ չափազանց վերահսկող դաստիարակությունը հաճախ ծնում է արտաքինից «կարգապահ», բայց ներքուստ դատարկ կամ կախյալ անձնավորություններ։ Եթե երեխայի խաղը մշտապես կազմակերպվում է մեծահասակի կողմից, երեխան կորցնում է իր ներքին նախաձեռնությունը։ Ինքնուրույնությունը չի առաջանում հրահանգներից։ Այն ձևավորվում է փորձարկման միջոցով։ Խաղի ընթացքում երեխան որոշումներ է կայացնում, ձախողվում է, վերակառուցում է սցենարները, դիմանում է հիասթափությանը, սովորում է ազդել իրականության վրա։ Եթե մեծահասակը անընդհատ միջամտում է՝ «ճիշտ» խաղալու, «օգտակար» խաղալու կամ «արդյունավետ» խաղալու պահանջով, խաղը կորցնում է իր հիմնական ֆունկցիան՝ սուբյեկտի ձևավորումը։ Այստեղ կարևոր տարբերակում կա. երեխան, որը միայն սպառում է պատրաստի բովանդակություն (էկրաններ, արագ փոփոխվող վիզուալներ), և երեխան, որը ստեղծում է խաղային աշխարհ, նեյրոհոգեբանական առումով տարբեր գործընթացների մեջ են: Առաջինը հիմնականում արձագանքում է խթաններին, երկրորդը՝ կառուցում է իմաստ։ Խաղը «ավելորդ շքեղություն» չէ, որը կարելի է զոհաբերել հանուն վաղ զարգացման, կարգապահության կամ արդյունավետության։ Խաղը հենց այն գործընթացն է, որի միջոցով ձևավորվում են հոգեկան ճկունությունը, ինքնակարգավորումը, ստեղծագործությունը և ինքնուրույնությունը։ Երբ երեխան խաղում է, նա իրականում կառուցում է մի տարածք, որտեղ կարող է աստիճանաբար դառնալ ինքնություն
Խաղի անտեսանելի ուժը
|